Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017 17:03
Նաիրա Բադալյան

Հայաստանում կստեղծվի գյուղմթերքների արտահանմանն աջակցող կառույց

Հայաստանում կստեղծվի գյուղմթերքների արտահանմանն աջակցող կառույց

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում կստեղծվի գյուղատնտեսական մթերքների արտահանումը համակարգող կառույց: «Ծրագիրը փորձնական ռեժիմով կաշխատի մինչև 2017 թվականի վերջը, որպեսզի հաջորդ տարվանից լրիվ ծավալներով սկսվի նախատեսված խնդիրների իրականացումը», - ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հունիսի 7-ի ասուլիսում:

Ըստ նախարարի, կառույցի հիմնական նպատակը կլինի աջակցել ֆերմերներին, արտաքին շուկաներում նրանց արտադրանքն իրացնելու հարցում: Ստեղծվող կառույցը, ինչպես բացատրել է Մակարյանը, կոչված է կոնսոլիդացնել և կազմակերպել արտահանման ողջ շղթան – սկսած արտադրվող ապրանքների որակից և լոգիստիկայի հարցերից, մինչև արտահանումը իրացման տարբեր շուկաներ: Արտադրանքը կարտահանվի միասնական ապրանքանիշով, բայց ապրանքի վրա նշված կլինի արտադրողի անվանումը: Այն բանից հետո, երբ ընկերությունն արդեն ոտքի կկանգնի, պետությունը դուրս կգա գործընթացից: «Պետությունը մի քանի տարի կաջակցի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին, նրանց արտադրանքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և արտահանման շղթան կազմակերպելու համար», - ասել է Ռոբերտ Մակարյանը:

Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների, այսօրվա դրությամբ Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 32,5 հազար տոննա թարմ միրգ ու բանջարեղեն: Հայաստանից բուսական արտադրանքի արտահանումը 2016 թվականին տարեկան կտրվածքով ավելացել էր 83%, իսկ ներմուծումը նվազել էր 14%: Սակայն, այս տարվա առաջին չորս ամիսներին բուսական արտադրանքի արտահանման ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 51.6%, իսկ ներմուծումն աճել է 20,8%:

Նշենք նաև, որ 2013 թվականի վերջին Հայաստանում ստեղծվեց Արտահանման ապահովագրական ընկերությունը, որպես արտահանմանը խթանող արդյունավետ գործիք: Գործընթացն ընթանում է դանդաղ և դժվար: Մտադրությունների մասին  պարբերաբար համաձայնգրեր են ստորագրվում առևտրային բանկերի հետ, որոնք  առայժմ ուղղակի օգուտներ չեն տեսնում գործակալության հետ սերտ աշխատելուց: