Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017 19:43
Ալինա Հովհաննիսյան

WITSA. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը 2019 թ. տեղի կունենա Հայաստանում, «Թվային դարաշրջանի խոստումը պահելը» խորագրի ներքո

WITSA. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը 2019 թ. տեղի կունենա Հայաստանում, «Թվային դարաշրջանի խոստումը պահելը» խորագրի ներքո

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին: 
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարոթւյան մամուլի ծառայությունից, վարչապետը կարևորել է 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Վստահ ենք, որ համաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը և նոր լիցք կհաղորդի առկա ներուժի իրացմանը: Մենք մեծ պատասխանատվությամբ կպատրաստվենք 2019-ի միջոցառմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, այս բնագավառում տարեկան արձանագրվում է 20-25 տոկոսի տնտեսական աճ, սակայն վարչապետի համոզմամբ, զարգացման ներուժը շատ ավելի մեծ է: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության զարգացումը և նշել, որ պետությունը դպրոցական և բուհական համակարգում իրականացնում է համապատասխան քայլեր: 

Իվոն Չիուն նշել է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք համաժողովն անցկացվելու է «Թվային դարաշրջանի խոստումը պահելը» խորագրի ներքո և ավելացրել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նպատակն է թվային տեխնոլոգիաները հասանելի դարձնել ամբողջ աշխարհում: Տիկին Չիուն վստահություն է հայտնել, որ 2019-ի համաժողովը նոր թափ կհաղորդի Հայաստանում ՏՏ ոլորտի առաջընթացին և ավելացրել, որ իր գլխավորած կազմակերպությունը պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ: