Հինգշաբթի, 8 Հունիսի 2017 13:40
Նաիրա Բադալյան

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը

Արմինֆո. Սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցման և կատարելագործման վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում նշել է.

«Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջան է: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը՝ ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»:

Այդ ամենը հաշվի առնելով՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-շաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով՝ ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:

Նախօրեին հաղորդվել էր, որ 2017 թ. սկզբից Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 32,5 հազար տոննա թարմ միրգ և բանջարեղեն: Հայկական թարմ մրգի և բանջարեղենի իրացման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, 2017 թվականին ռուսական շուկա է ներմուծվել 31.5 հազար տոննա թարմ միրգ ու բանջարեղեն: Արտահանման մնացած մասն ուղղվել է Վրաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ: