Հինգշաբթի, 8 Հունիսի 2017 19:09
Նաիրա Բադալյան

ՀՀ գյուղնախարարություն. Բելառուսը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում բացել գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման Կենտրոն

ՀՀ գյուղնախարարություն. Բելառուսը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում բացել գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման Կենտրոն

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին վերաբերող հարցեր:

 

«Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները  քաջածանոթ  են, բացի այդ, այն նաև մատչելի է»,- նշել է Իգնատի Առաքելյանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել կազմել  մասնագետների խումբ, որոնք կայցելեն Հայաստան՝ տեղում  կուսումնասիրեն շուկան, կծանոթանան Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին :

Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը նշել  է, որ բելառուսական կողմը կարող է  տարածաշրջանին համապատասխան կոմբայններ արտադրել, ինչպես նաև պատրաստ են Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել, որը հնարավորություն կտա  ավելացնել գյուղտեխնիկայի իրացման ծավալները՝ համապատասխան պայմանների դեպքում դրանք Հայաստանի հարևան  երկրներին ևս մատակարարելու համար: Կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 24-ին Բելառուսի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց գյուղատնտեսական ոլորտի ներուժն օգտագործելուն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին: «Բելառուսական ներդրողների կողմից ներդրումային նախագծերի առկայության դեպքում մենք ուրախ կլինենք դրանք քննարկել», - ասել է նախարարը: Ընդգծելով, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտները գերակա խնդիրը գյուղատնտեսական նորագույն տեխնիկայի բացակայությունն է, նա նշել էր գյուղտեխնիկայի տեխնիկական կենտրոնի ստեղծման հնարավորության մասին:

Բացի այդ, նշելով բելառուսական գյուղտեխնիկայի պահանջարկը, կողմերը նշել են, Հայաստանում տրակտորների հավաքման գործարան կառուցելու հնարավորութոյւնը: Հիշեցնելով, որ Բելառուսն արտադրում է նաև կոմբայններ, Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկն առաջարկել է ուսումնասիրել դրա ներմուծման հնարավորությունը Հայաստան:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Արմինֆո գործակալությունը, մարտի 27-ին Հայաստանում մեկնարկեց գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման հայտենրի ընդունումը: Ըստ ՀՀ կառավարության ծրագրի, ֆերմերները կկարողանան լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել տարեկան 2% տոկոսադրույքով և 3-10 տարի մարման ժամկետով (փոքր գույքի համար – 3 տարի, տրակտորների - 6, կոմբայնների – 10 տարի): Եվս 7% կսուբսիդավոր պետությունը: Արդյունքում, ինչպես և սպասվում է, 2017 թվականին գյուղտեխնիկայի կգմանը կհատկացվի շուրջ 2,2 մլրդ դրամ:-