Արմինֆո. Հարկավոր է շարունակել Հայաստանի տնտեսության դիֆերսիֆիկացումը և արդիականացումը: ՆՄան կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Չժան Թաու Զանգը, Հայաստանին շնորհավորելով ԱՄՀ-ում երկրի անդամության 25-ամյակի առիթով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
«Շնորհավորում եմ Հայաստանի՝ ԱՄՀ-ին անդամակցության և միջազգային ֆինանսական համայնքին միանալու 25-ամյակի կապակցությամբ: Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանն էական առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական կայունության ամրապնդման հարցում, որը վերաբերում է տնտեսական աճի բավարար տեմպերին, գնաճի վերահսկմանը և համեմատաբար լավ կառավարվող հարկաբյուջետային իրավիճակին: Հպարտ ենք, որ Հայաստանի գործընկերն ենք՝ տնտեսության կարգավորման փուլում քաղաքականության իրականացման վերաբերյալ խորհուրդներ տրամադրելով, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, ինչն օգնել է ավելի ուժեղ տնտեսության հիմքեր դնել:
Ապագայում Հայաստանը պետք է շարունակի օգտվել ընձեռված հնարավորություններից և արձագանքել մարտահրավերներին: Կարևոր է շարունակել տնտեսության դիվերսիֆիկացիան և արդիականացումը՝ կայուն և ներառական տնտեսական աճի հասնելու համար: Մենք ակնկալում ենք ապագա համագործակցություն Հայաստանի իշխանությունների հետ, և պատրաստ ենք աջակցել Հայաստանին և նրա ժողովրդին»,-ասված է ուղերձում:
Նշենք, որ ԱՄՀ և ՀԲ հոլանդա-բելգիական խմբի անդամ-երկրների Կենտրոնական բանկերի տարեկան հանդիպումը տեղի կունենա 2017 թվականին, Երևանում, կապված ԱՄՀ-ին Հայաստանի անդամության 25-ամյա հոբելյանի հետ: ԱՄՀ հոլանդա-բելգիական խմբի անդամ-երկրներն են`Բուլղարիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, Ուկրաինան, Բելգիան, Հայաստանը, Բոսնիան և Հերցեգովինան, Խորվաթիան, Կիպրոսը, Վրաստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները: