Երեքշաբթի, 13 Հունիսի 2017 14:12
Նաիրա Բադալյան

Չինաստանում բացվել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչություն

Չինաստանում բացվել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչություն

Արմինֆո. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակի բացումը:

Բացման արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, Նինգբոյի Առևտրային պալատից, հյուրեր և ներկայացուցիչներ տարբեր երկրների դեսպանություններից և միջազգային կազմակերպություններից: ՉԺՀ-ում ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչն է լինելու Արթուր Եգորյանը:

Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական տնտեսական համագործակցության ակտիվացման, հայ գործարարների շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման և այլ հարցերով:

Գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անունից մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Հրանտ Աբաջյանը: 

2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին  Հայաստանի և Չինաստանի միջև առևտրային շրջանառությունը կազմել է 454 մլն 36,4 հազար դոլար: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 5,7%-ով: 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է $152 մլն 242,3 հազար  (տարեկան աճը 28,3%):