Չորեքշաբթի, 14 Հունիսի 2017 11:43
Նաիրա Բադալյան

ՀՀ ՔԱԳՎ ղեկավարը Բրյուսելում կքննարկի «Եվրոպայի միասնական երկնքին» Հայաստանի միացումը

ՀՀ ՔԱԳՎ ղեկավարը Բրյուսելում կքննարկի «Եվրոպայի միասնական երկնքին» Հայաստանի միացումը

Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը 2017 թվականի հունիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով գտնվելու է Բրյուսելում:

 

Այցի շրջանականերում ՔԱԳՎ պետը մասնակցելու է Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼե) հատուկ խորհրդի նիստին և Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) տեխնիկական հարցերի շուրջ քննարկմանը:

Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության հատուկ խորհրդի նիստին նախատեսվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼե միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունը:

 

ՀՀ ու ԵՄ միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի տեխնիկական հարցերի շուրջ քննարկմանը նախատեսվում է վերջնականացնել համաձայնագրի մի շարք հոդվածներ, ինչպես նաև՝ պատրաստվել պաշտոնական բանակցությունների երկրորդ փուլին:

 

Նշենք, որ Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության հիմնական նպատակը «Եվրոպայի միասնական երկինք» նախագծի շրջանակներում օդային երթևեկության կազմակերպման համաեվրոպական համակարգի մշակումն է: Հայաստանը կազմակերպության անդամ է դարձել 2006 թվականին:

 

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ կազմվել է Հայաստան-ԵՄ աշխատանքային խումբը, որը ձեռնամուխ կլինի ԵՄ ընդհանուր օդային տարածության Համաձայնագրին (Common Aviation Area Agreement) Հայաստանի միացման շուրջ պաշտոնական բանակցություններով:

Հայկական կողմից բանակցային գործընթացի ղեկավար է նշանակվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:

 

Հիշեցնենք, որ ԵՄ տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկայի Խորհուրդը դեկտեմբերի 1-ին հավանություն էր տվել բանակցություններն սկսելու մանդատին, կապված Հայաստանի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրին: Ինչպես տեղեկացվել է ԱրմԻնֆո գործակալությանը, ընդհանուր օդային տարածության մասին համապարփակ համաձայնագիրն ուղղված է Եվրոպայում միջազգային կապի որակի բարձրացմանը, բարձրակարգ սպասարկման ապահովմանը և ավելի լայն ընտրություն կատարելու հնարավորության տրամադրմանն ուղևորներին: Նշված Համաձայնագրին միանալուց հետո Հայաստանը 28 երկրների հետ կունենա ազատականացված օդային ռեժիմ: Հայստանն իր վրա կվերցնի նաև օրենսդրական փոփոխությունների իրականացման և եվրոպական ստանդարտների իրականացման գծով պարտավորություններ: