Չորեքշաբթի, 14 Հունիսի 2017 16:35
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը հայտարարել է ConverseQuota ծառայության գործարկման մասին

Կոնվերս Բանկը հայտարարել է ConverseQuota ծառայության գործարկման մասին

Արմինֆո. Կոնվերս Բանկն առաջարկում է ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը՝ ConverseQuota ծառայության գործարկմամբ Բանկի  քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/սահմանաչափի օգտագործման հնարավորությունները:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման և առևտրի ոլորտներում բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի:

«Մասնավորապես, ConverseQuota ծառայության շրջանակում  հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու է որպես մարման մինչև 12 ամիս ժամկետով անտոկոս վարկ: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով` օպտիմալացնել ծախսերը և պլանավորել  ընտանեկան բյուջեն»,- նշոեւմ է աղբյուրը՝ ընդգծելով, որ վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում:
Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվում են գնված ապրանքի կամ ծառայության արժեքի ամսական մարման չափով:


Բանկում ընդգծել են, որ ConverseQuota ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվել «Վիզա Կոնկորդ», «Տաթև», «Լիբերթի» և «Գասա», «Սպուտնիկ» տուրիստական գործակալությունների և Fly Dubai  ավիաընկերության ծառայություններից և շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս, ներգնա ու արտագնա տուրիստական փաթեթ:

«Ներկայում բանակցություններ են ընթանում սպասարկման և ծառայությունների ոլորտներում գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ: Առաջիկա օրերին ConverseQuota ծառայության  գործընկեր կազմակերպությունների ցանկը կհամալրի  «Արմենիա» ավիաընկերությունը»,- նշել են բանկում:

Նշենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի բաժնետերերն են`Advanced Global Investments LLC`80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.» ընկերություն` 14.06% և Էջմիածնի Մայր տաճար` 5%, բայց 100% բաժնետոմսերի անուղղակի տնօրինողն է Holding Company "Blakery Assets" LTD ընկերությունը: