
Արմինֆո. Եվրամիությունը 3 միլիոն եվրո կհատկացնի` աջակցելու Հայաստանում սիրիահայ փախստականներին, տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը:
Նախօրեին՝ Փախստականի միջազգային օրը, ԵՄ տարածաշրջանային հիմնադրամը ընդունել է 275 մլն եվրո ընդհանուր արժեքով նոր նախագծեր՝ Սիրիայի ճգնաժամին արձագանքելու նպատակով: Այս ծրագրերը կաջակցեն փախստականներին և նրանց ապաստանող համայնքներին` Հայաստանում, Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Արևմտյան Բալկաններում: Նոր օգնության փաթեթը կենտրոնացած է կենսապահովման, առողջապահության, կրթության և ապահովության ծառայությունների առավել մատչելիության վրա:
3 միլիոն եվրո կհատկացվի Հայաստանում սիրիահայ փախստականներին առողջության և հոգեբանական ծառայությունների մատչելիության բարձրացման, բնակարանային պայմանների բարելավման, տնտեսական հնարավորությունների հասանելիության բարձրացման միջոցով, և նպաստելով դպրոցականների և ուսանողների ինտեգրմանը:
ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով՝ ներկայումս Հայաստանում շուրջ 22 հազար ներգաղթած սիրիահայ է ապրում: Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանի խոսքով,
նրանց մեծ մասը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և օգտվում է այն բոլոր իրավունքներից, ինչ երկրի քաղաքացիները: «Մենք փորձել ենք իրականացնել մշակութային, տնտեսական միջոցառումներ, որպեսզի աջակցենք նրանց բիզնեսին: Սիրիահայերից շատերը կարողացել են Հայաստանում բիզնես հիմնել և հաջողություններ գրանցել»,- նշել է Անտոնյանը:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

