Արմինֆո. Հեղինակավոր Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Համաձայն գործակալության կողմից հրապարակված զեկույցի՝ Բանկն արժանացել է նման գնահատականի շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:
Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:
Fitch վարկանիշային գործակալության կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջին տարիների բարդ մակրոտնտեսական պայմաններում բանկը կենտրոնացել է ակտիվների որակի բարձրացման վրա, ինչի հետևանքով բանկի կողմից սահմանափակվել է վարկային պորտֆելի արագ աճը: Այս ամենն իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին:
Ստացված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել Բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև իրացվելիության բարձր մակարդակը:
Հիշեցնենք, որ հայկական բանկերից Fitch Ratings գործակալության վարկային վարկանիշները 2015 թվականից ունեն նաև Ամերիաբանկը («Բ+», «Կայուն» կանխատեսումով) և Արդշինբանկը («Բ+», «Կայուն» կանխատեսումով), երկրի վարկանիշի նման:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր մասնաճյուղային ցանցով, 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, գտնվում է առաջատարաների հնգյակում, իսկ տարածաշրջանային մասնաճյուղերով`երրորդ տեղում: Իր հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով Բանկը գտնվում է առաջատարների հնգյակում: Բանկի ընդհանուր կապիտալը նույն ամսաթվի դրությամբ կազմել 58.3 մլրդ դրամ (3 տեղ), ակտիվները`308,3 մլրդ.դրամ (4 տեղ), վարկային պորտֆելը` 196,3 մլրդ (5 տեղ), ընդհանուր պարտավորությունները`250 մլրդ (4 տեղ): 2017 թվականի առաջին եռամսյակը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եզրափակել է 1,5 մլրդ դրամ զուտ շահույթով (4 տեղ), տարեկան կտրվածքով աճը`32%: Արդյունավետության գործակիցներով Բանկն ամրապնդվել է առաջատարների հնգյակում, մասնավորապես`ROE -10,5%, իսկ ROA - 2%: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գյուղվարկավորման շուկայի մշտական առաջատարն է - 79.2 մլրդ դրամ, կամ վարկային պորտֆելի մոտ 40% -ը, իսկ բանկային համակարգի ընդհանուր գյուղվարկավորման ծավալներում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մասնաբաժինը հասնում 53%-ի: ՓՄՁ ոլորտում ներդրվել է 37,5 մլրդ դրամ կամ վարկային պորտֆելի մոտ 20% -ը: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 31.03.2017 դրությամբ կազմել է 483.45 / $ 1):
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: