Երկուշաբթի, 26 Հունիսի 2017 19:22
Մարիաննա Մկրտչյան

Երևանը և Աթենքն իրականացնում են հայ-հունական գործարար-համաժողովի կազմակերպմանն ուղղված աշխատանքներ

Երևանը և Աթենքն իրականացնում են հայ-հունական գործարար-համաժողովի կազմակերպմանն ուղղված աշխատանքներ

Արմինֆո. Հունիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև դարերի խորքից եկող եղբայրական հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամության վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ուրախալի է իր հույն գործընկեր Նիկոս Կոձիասի՝ Երևան կատարած այցից կարճ ժամանակ անց, ըստ ձեռք բերված համաձայնության, ընդունել Հունաստանի փոխարտգործնախարարին՝ արտերկրում հայկական և հունական համայնքների միջև համագործակցության հարցերը քննարկելու համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Փոխնախարար Քուիքը տեղեկացրեց, որ, ի կատարումն երկու երկրների արտգործնախարարների պայմանավորվածության, աշխատանքներ են ընթանում հայ-հունական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց կիպրական հիմնխանդրի հանգուցալուծման գործընթացին, մերձավորարևելյան զարգացումներին և դրանց հետևանքով առաջացած միգրացիոն ճգնաժամին։