Շաբաթ, 1 Հուլիսի 2017 14:12
Նաիրա Բադալյան

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը 8,2 մլն դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանին

Արմինֆո. ՌԴ ֆինանսների նախարարությունը 2017- 2021 թվականներին 8.2 մլն դոլարի օգնություն կտրամադրի հայկական կողմին: Այդ մասին համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների  ֆինանսական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների արդյունքում:

 

Ինչպես հաղորդում է ՌԴ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, հունիսի 30-ին Մոսկվայում տեղի են ունեցել  ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև խորհդրատվություններ` ֆինանսների փոխնախարարներ Կարեն Թամազյանի և Սերգեյ Ստորչակի գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ:

 

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում` ԵԱՏՄ-ին Հայաստանի միացման «Ճանապարհային քարտեզի» շրջանակում միջոցառումների հետագա իրագործմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում կողմերն ստորագրել են արաձանագրություններ Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցության շուրջ միջկառավարական համաձայնագրում  փոփոխությունների և լրացումների մասին` ԵԱՏՄ Հայաստանի միացման «Ճանապարհային քարտեզով» նախատեսված պարտավորությունների կատարման համար Հայաստանին աջակցելու նպատակով, ինչպես նաև` համապատասխան համաձայնագիր Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև: Բացի այդ ստորագրվել է համաձայնագիր կառավարության ֆինանսական կառավարման միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման նախագծի համաֆինանսավորման շրջանակում Հայաստանին անհատույց ֆինանսական աջակցության շուրջ: Համաձայնագրի պայմաններին համապատասխան,  2017-2021 թթ. հայկական կողմին տեխնիկական աջակցություն կտրամադրվի սարքավորումներ մատակարարելու, «know how» փոխանցման, մասնագետների վերապատրաստման ձևով: Այդ նպատակների համար դաշնային բյուջեի ծախսերի ընդհանուր գումարը կկազմի 8,2 մլն դոլար: Հիշեցնենք, որ 2015 թ. ամռանը երկու երկրների ֆինանսական գերատեսչությունները ստորագրել էին համագործակցության հարցի շուրջ փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պայմանավորվել էին աջակցել ՌԴ և ՀՀ միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը` փոխադարձ հարգանքի և փոխադարձ աջակցության սկզբունքների հիման վրա: