
Արմինֆո. Հայաստանում կստեղծվի կառավարության օրակարգի իրականացման միասնական թվային կենտրոն: Հուլիսի 6-ին կայացած նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հնչեցրել է այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականը:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Կարեն Կարապետյանը, անդրադառնալով թվային օրակարգի մշակման և իրագործման համակարգմանը, նշել է. «Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված են թվային օրակարգից բխող մի շարք համալիր միջոցառումներ հստակ ժամկետներով, այդ թվում պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ թվային ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը: Թվային օրակարգի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և մշակման փուլում է գտնվում միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիրը: Հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և առկա զարգացումները՝ պետք է նշել, որ ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկությունների փաթեթ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականության համակարգման մասնագիտացված օղակի ձևավորման վերաբերյալ՝ ներառելով դրա կազմակերպչաիրավական ձևը և համապատասխան իրավական ակտի նախագիծը: «Մենք պետք է ունենանք մի կենտրոն, որը կկանոնակարգի մեր ամբողջ քաղաքականությունը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

