Հինգշաբթի, 13 Հուլիսի 2017 15:23
Նաիրա Բադալյան

Կառավարությունը կվերանայի հանրային սննդի ոլորտում ՓՄՁ-ների արտոնագրային վճարի համար սահմանված տարածքի առավելագույն շեմը

Արմինֆո. Կառավարությունը կվերանայի հանրային սննդի ոլորտում ՓՄՁ-ների արտոնագրային վճարի համար սահմանված տարածքի առավելագույն շեմը:

 

«2016 թվականին ընդունված Հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել են նոր չափանիշներ: Մասնավորապես ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմ հանդիսացող 600մ2 պահանջի փոխարեն սահամնվել է 100մ2-ը: Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ժամանակ բարձրացվել են հնարավոր ռիսկերը տվյալ ոլորտի տնտեսվարողների համար»,-այսօր կառավարության նիստում նշել վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կառավարության քաղաքականությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն: