Շաբաթ, 15 Հուլիսի 2017 12:39
Դավիթ Ստեփանյան

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումների իրականացմամբ

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումների իրականացմամբ

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հուլիսի 14-ին ընդունել է Չինաստանի China Machinery Engineering Corporation մեքենաշինական կորպորացիայի պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, ներկայացնելով ընկերության գործունեության բնագավառները՝ կորպորացիայի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը հայտնել է իրենց մտադրությունները Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընկերությունը հետաքրքրված է հատկապես էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերով։

Ողջունելով կորպորացիայի մտադրությունները Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելու վերաբերյալ՝ Աշոտ Մանուկյանը  ներկայացրել է էներգետիկ ոլորտում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես  անդրադարձել է «Մեղրիե և «Շնողե ՀԷԿ-երի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման նախագծերին։

Չինական ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկումները շարունակել ներկայացված ծրագրերին ծանոթանալուց հետո։