Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 14:36
Նաիրա Բադալյան

Կուսումնասիրվի ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը

Կուսումնասիրվի ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը և նշել. «Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների և ավիափոխադրումների շեշտակի աճ: Միաժամանակ, չնայած դրական արդյունքին, դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն»:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն էլ 1-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների Հայաստան կատարած այցելությունների թիվը գերազանցել է 1.3 միլիոնը, տարեկան աճը`24.3%: Հայաստան կատարած այցելությունների թվով առաջին եռյակում են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: Հաշվետու ժամանակահատվածում ռուսաստանցիների այցելությունների թիվն աճել է 33,7%, մինչև 241 հազար: Երկրորդ տեղում է Վրաստանը` 151 հազար, տարեկան աճը`11%: Եռյակը եզրափակում է Իրանը`89.8 հազարի, տարեկան աճը`27.4%: Մասնավորապես, լավագույն տասնյակում են`ԱՄՆ քաղաքացիները (17,5 հազար), Ուկրաինան (12,7 հազ.), Ֆիլիպինները (10.9 հազ.), Գերմանիան (7.8 հազ.), Ֆրանսիան (7,6 հազ.), Հնդկաստանը (4.3 հազ.) և Լեհաստանը (4.3 հազար): Թիրախային շուկաների առումով Զբոսաշրջության պետական ​​կոմիտեն

նշել է Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Պարսից ծոցի պետությունները և Արևմտյան Եվրոպան, որոնք հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ: Համաձայն կառավարության մինչև 2020 թ. ծրագրի, Հայաստանը մտադիր է տարեկան ապահովել զբոսաշրջիկների 3 մլն. այցելություն: