Երեքշաբթի, 1 Օգոստոսի 2017 18:09
Նաիրա Բադալյան

Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը

Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը

Արմինֆո.Հայաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը: Այդ մասին իրանական «Շարղ» օրաթերթին հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նրա խոսքով, Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում նախաձեռնել է Իրանի հետ արտոնյալ առևտրային ռեժիմ հաստատելու շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում արդեն ընթանում են բանակցություններ: ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ այդ համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն իրենց հերթին հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնել իրանական շուկայում, նշել է նա:

 

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նախագահն ընդգծել է, որ ՀՀ-ն դրանք չի հակադրում ԵԱՏՄ հետ հարաբերությունները: «Հայաստանը Եվրոպայի հետ Իրանին կապող ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է: Հայաստանն այսօր սերտ գործընկերային հարաբերություններ ունի ԵՄ հետ, և մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար»,- նշել է Սարգսյանը: Նա հիշեցրել է, որ ԵՄ հետ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում մի քանի հազար անուն հայկական ապրանքներ զրոյական մաքսատուրքով կարող են արտահանվել ԵՄ: Այդ հանգամանքը, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, ևս կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ իրանցի ներդրողների համար ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում: