Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 13:40
Նաիրա Բադալյան

Հայաստանում փոխում են պետական գույքի վարձակալության կարգը

Հայաստանում փոխում են պետական գույքի վարձակալության կարգը

Արմինֆո. Անհրաժեշտ է վերանայել պետական գույքի վարձակալության կարգը: Օգոստոսի 10-ին կառավարության նիստում այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված  գույքի վարձակալության տրամադրման կարգի և դրա գործնականում կիրառման վերաբերյալ: «Գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել կամ, երբ վարձակալության հանձնված գույքը ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության: Առկա են նաև խնդիրներ համապատասխան գույքի վերաբերյալ ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման հսկողության մասով: Այս իրավիճակը պայմանավորված է և՛ 2001 թվականին ընդունված կարգի վերանայման անհրաժեշտությամբ, և՛ կադաստրային արժեքի, շուկայական արժեքի գործնականում առկա անհամաչափություններով, ինչպես նաև ներդրումային ծրագրերի նկատմամբ ոչ լիարժեք հսկողական մեխանիզմների առկայությամբ», - նշել է վարչապետը:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետին և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական հիմնարկներին հանձնված գույքի՝ վարձակալության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, մասնավորապես անդրադառնալով վարձավճարի հաշվարկման բանաձևին, հսկողական մեխանիզմների կատարելագործման, կադաստրային արժեքի և շուկայական արժեքի անհամաչափություններին, միաժամանակ ուսումնասիրելով նման գույքի ենթավարձակալության տրամադրման արգելքի սահմանման հնարավորությանը։