Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 17:10
Նաիրա Բադալյան

Բերդի քաղաքապետ. «Շամշադինի մեղրի և հատապտուղների 6-րդ փառատոնի» հյուրերի հոսքը գերազանցեց բոլոր ակնկալիքները

Բերդի քաղաքապետ. «Շամշադինի մեղրի և հատապտուղների 6-րդ փառատոնի» հյուրերի հոսքը գերազանցեց բոլոր ակնկալիքները

Արմինֆո. Օգոստոսի 12-13-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ «Շամշադինի մեղրի և հատապտուղների 6-րդ փառատոնը»: Բնական մեղրի, քաղցրահամ հատապտուղների, ինչպես նաև ջազային երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան համտեսել և ձեռք բերել տեղի մեղվաբույծների արտադրանքը, ինչպես նաև հատապտուղներից պատրաստված ըմպելիքներ:

Փառատոնի կազմակերպիչ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանի ասելով, «Շամշադինի մեղրի և հատապտուղների 6-րդ փառատոնը» լավ պլատֆորմ է Բերդում և Տավուշի ողջ մարզում զբոսաշրջության զարգացման համար: Ինչպես նշել է Չոբանյանը, փառատոնը գրավում է նաև ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա գործարարների և ներդրողների ուշադրությունը:

Փառատոնն ավանդաբար մեկնարկում է «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ: Այս տարի մեղրի և հատապտուղների  փառատոնի հյուրերին ուրախացրեցին Հայաստանի պետական ջազային նվագախումբը, տեղի երիտասարդական երաժշտական և խորեոգրաֆիկ խմբակների ներկայացուցիչները: Փառատոնի ընթացքում անցկացվել է ամենահամեղ մեղրով տորթի մրցույթ, կատարվել է խաղողօրհնեքի արարողություն:

Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը հպարտորեն նշել է, որ այս տարի փառատոնի հյուրերի հոսքը գերազանցել է բոլոր ակնկալիքները. հյուրերն այնքնա շատ էին, որ քաղաքի հյուրանոցները, պարզապես, չէին կարող ընդունել բոլոր ցանկացողներին:

Մեղրի և հատապտուղների առաջին փառատոնն անցկացվել է 2012 թվականի օգոստոսի 18-ին: Բերդի փառատոնին մասնակցում են մերձակա բնակավայրերի գյուղացիական տնտեսութունները, տարբեր արտադրողներ: Նրանք իրենց արտադրանքը ներկաայցնում են փոքր տաղավարներում` «Սորան» դենդրոպարկի տարածքում, որտեղ տեղադրվում է 15-20 վրան: Դրանցում ցուցադրվում են ծաղկի մեղրի տարբեր տեսակներ, ինչպես նաև հատապտղային  մշակաբույսեր: Տաղավարներում ներկայացվում են տարբեր տեսակի հուշանվերներ, ձեռքի աշխատանքի նմուշներ: Փառատոնի նպատակը մեղվաբուծության խթանումն է մարզում: Միջոցառումնեը նաև նպատակաուղղված է դեպի Տավուշի գեղատեսիլ վայրեր զբոսաշրջության հոսքի ապահովմանը: