Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 17:11
Նաիրա Բադալյան

Մինչև տարեվերջ ԵԱՏՄ երկրները մտադիր են համաձայնեցնել միավորման թվանշանային զարգացման ռազմավարությունը

Մինչև տարեվերջ ԵԱՏՄ երկրները մտադիր են համաձայնեցնել միավորման թվանշանային զարգացման ռազմավարությունը

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել միավորման թվանշանային զարգացման ռազմավարությունը: Օգոստոսի 14-ին այդ մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

Ըստ ՏԱՍՍ-ի` նա նշել է, որ այսօրվա օրակարգի թիվ մեկ թեման թվանշանային փոխակերպումն է: «Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է վարել համաձայնեցված թվանշանային քաղաքականություն, հատկապես, տնտեսական գործունեության այն ոլորտներում, որոնց լիազորությունները հանձնվել են վերազգային մարմնին», - նշել է Սարգսյանը:

Նրա ասելով, ԵԱՏՄ երկրները մշակում են ռազմավարություն, որը ներառում է հետևյալ ուղղությունները. ընդհանուր շուկաների թվայնացում, ենթակառուցվածքին, կառավարման համակարգերին և անվտանգության հարցերին առնչվող թվայնացում: «Նման նախաձեռնությունների ցանկը` շուրջ 10 նախագիծ, մենք ներկայացրել ենք մեր գործընկերների քննարկմանը և նրանցից ակնկալում ենք առաջարկություններ և դիտողություններ», - պարզաբանել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը: Նա հստակեցրել է, որ դրանից հետո թվանշանային զարգացման ռազմավարությունը կներկայացվի աշխատանքային խմբի հաստատմանը, որն ստեղծվել է ԵԱՏՄ երկրների նախագահների հանձնարարությամբ: «Մենք պետք է հասցնենք միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել լրամշակված նախագիծը, հաշվի առնելով կողմերի դիտողությունները, որպեսզի տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել արդեն պետությունների ղեկավարների քննարկմանը», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը: