Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 18:32
Նաիրա Բադալյան

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պարզել ավիատոմսերի գներին առնչվող իրավիճակը

Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային հակամենաշնորհային ծառայության (ԴՀԾ) առաջարկությամբ հանձնարարել է պարզել ավիատոմսերի գների ձևավորման ավտոմատացված համակարգին առնչվող իրավիճակը: Ռուսաստանը Հայաստանի համար գլխավոր օդային ուղղությունն է, իսկ ռուսական ավիաընկերությունները գերակշռող դիրք են վայելում ՀՀ ավիափոխադրումների շուկայում:

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդման համաձայն, ԴՀԾ ղեկավար Իգոր Արտեմևը ՌԴ նախագահին պատմել է, որ ռուսական ավիաընկերություններն ԱՄՆ-ից և Եվրոպայից ներմուծել են դինամիկ գնագոյացման հատուկ համակարգչային համակարգեր, որոնք տոմսերի սակագները սահմանում էին` կախված պահանջարկից: Նրա կարծիքով, տվյալ ալգորիթմների աշխատանքը համաշխարհային ավիափոխադրողների համաձայնության արդյունք է: Ուստի նա առաջարկել է ուսումնասիրել այդ համակարգը` ավիատոմսերի գների չպատճառաբանված աճը կասեցնելու նպատակով:

Նշենք, որ Aviasales.ru ավիատոմսերի առցանց ամրագրման տվյալների համաձայն, գները 2017 փոքր-ինչ նվազել են մոսկովյան թոփ-20 ուղղություններով: Բացառություն են կազմում դեպի Երևան թռիչքների տոմսերը. նախորդ տարվա համեմատ դրանք զգալիորեն թանկ արժեն`  17.184 ռուբլի երկկողմ թռիչքի դիմաց` 2016 թվականի 13.484 ռուբլու դիմաց: Մինչդեռ Հայաստանից օրական շուրջ 14 չվերթ է իրականացվում դեպի մոսկովյան օդանավակայաններ և հակառակը: Դժվար չէ կռահել, թե ինչ մրցակցություն է ստեղծվել այն ուղղությամբ: Սակայն 2013 թվականի հոկտեմբերի 23-ից հետո, երբ Հայաստանի կառավարությունը հաստատեց «Հայաստանի ավիափոխադրման մրցակցային և շարունակական ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը», ՀՀ ազգային ավիափոխադրողները դադարերցրեցին գործունեությունը:«Բաց երկնքի» քաղաքականության և ծրագրի արդյունավետ իրագործման արդյունքում հետագա 3-4 տարիներին ակնկալվում էր 0,3-0,4 մլրդ դոլարի լրացուցիչ ՀՆԱ ապահովում, 18000-23000 նոր աշխատատեղի ստեղծում, հիմնականում ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում, ուղևորափոխադրումների 20-25% աճ, ինչպես նաև տոմսերի գների շուրջ 10% նվազում: Իրականում, Հայաստանի ավիափոխադրումների շուկան զրկվեց  ազգային փոխադրողից, քանի որ հայկական ավիաընկերությունները պատրաստ չէին նման մրցակցության և հայտնվեցին «խաղից դուրս» վիճակում` բարձրացնելով ավիատոմսերի գները:  Իսկ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին օգտվել Վրաստանի ավիացիոն ծառայություններից: Հայաստանցի սպառողը նաև չտեսավ գների խոստացված նվազում,  քանի որ «Վերին Լարս» անցակետում ֆորս-մաժորների դեպքում կամ ամառային արձակոորդներից հետո, երբ հայաստանցիները պետք է վերադառնան Ռուսաստանից, ավիատոմսերի գներն ավանդաբար սրընթաց աճում են: