Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017 13:47
Նաիրա Բադալյան

Երևանն ու Պեկինը կհամագործակցեն միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում

Երևանն ու Պեկինը կհամագործակցեն միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում

Արմինֆո. Հայաստանն ու Չինաստանը համաձայնագիր կստորագրեն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին»: Համաձայնագրի կնքման առաջարկւ հավանության է արժանացել կառավարության օգոստոսի 17-ի նիստում:

Նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի կնքումը թույլ կտա Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցություն հաստատել միջուկային էներգիայի ոլորտում, կծառայի բացառապես միջուկային էներգիայի օգտագործման խաղաղ նպատակներին: Բացի այդ, նշվում է, որ միջուկային էներգիան չի օգտագործվի միջուկային զենք կամ այլ միջուկային պայթուցիչ սարքեր ստեղծելու համար կամ այլ ռազմավարական նպատակներով:

Համագործակցության ընթացքում կողմերը կղեկավարվեն ՄԱԿ 1968թ. հուլիսի 1-ի «Միջուկային զենքի չտարածման մասինե պայմանագրի սկզբունքներով, ինչպես նաև պարտավորվում են այդ սարքերը, նյութերը, տեխնոլոգիաները չտրամադրել երրորդ երկրի` առանց մյուս կողմի գրավոր համաձայնության: Համաձայնագրով կարգավորվում են առևտրային կապերի և միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության գործընթացում փոխօգնության երկկողմ ծրագրերի, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության պայմանները:

Վերը նշված համաձայնագրի մշակման վերաբերյալ որոշում էր կայացվել 2017 թվականի հունիսի 7-ին ՀՀ նախագահի մոտ խորհրդակցության ընթացքում` Հայաստանի և Չինաստանի միջև առկա հարաբերությունների արդյունավետության բարձրացման և դիտարկման նպատակով: Հիշեցնենք, որ Հայաստանը դիտարկում է մինչև 600 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը, որի կառուցման տեխնոլոգիային տիրապետում են նաև չինական ընկերությունները: