Արմինֆո. Երևանը պատրաստ է իրանական գազ գնել՝ շահավետ գնային առաջարկի դեպքում: Այդ մասին օգոստոսի 21-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով, տվյալ պահին բանակցություններ, որպես այդպիսին, չեն տարվում: «Եթե առաջարկվի համեմատաբար ձեռնտու գին, ապա՝ մեծ սիրով»,- ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանից Հայաստանի բնական գազի մատակարարման միակ ուղին Վրաստանի տարածքով մշտապես քննարկումների առարկա է դառնում` Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների զարգացման համատեքստում: Սակայն այսօրվա դրությամբ այն այլընտրանք չունի, քանի որ գոյություն ունեցող երկրորդ գազատարն Իրանից ի զորու չէ ապահովել անհրաժեշտ ծավալներ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Աշխաբադը Թեհրանին առաջարկել է օրական մինչև 15 մլն խմ ավելացնել գազային սվոփի ներկայիս ծավալը Հայաստանի և Ադրբեջանի համար: Սակայն, ինչպես նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, Հայաստանի պարագայում խոսքը վերաբերում է զգալիորեն նվազ ծավալների փոխանակմանը: Նրա ասելով, Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը կազմում է օրական ընդամենը 6 մլն խմ, և սվոփի նման զգալի ծավալների ապահովումը ֆիզիկապես, պարզապես, անհնար է:
Հունվարի 13-ին մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին` վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է հանրապետություն գազի մատակարարման տարբեր սվոփային սխեմաների շուրջ: Վարչապետի ասելով, Հայաստան գազի սվոփային մատակարարումները քննարկվել են 2017 թվականի առաջին աշխատանքային օրը` Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ: ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը ձգտում է թուրքմենական գազի սվոփային մատակարարումներ սկսել Իրանի տարածքով: Խոսքը վերաբերում է մի կողմից թուրքմենականն գազի Իրան մատակարարումներին, որն իր հերթին համանման ծավալներ կներմուծի մյուս կողմից Հայաստան:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |