Երեքշաբթի, 29 Օգոստոսի 2017 16:07
Ալինա Հովհաննիսյան

Արդշինբանկը հերթական անգամ աջակցում է «Լույս» կրթական հիմնադրամին 100 միլիոն դրամի չափով

Արդշինբանկը հերթական անգամ աջակցում է «Լույս» կրթական հիմնադրամին 100 միլիոն դրամի չափով

Արմինֆո. Արդշինբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ նպատակ ունենալով աջակցել  աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկն արդեն հինգերորդ անգամ է կատարում նվիրատվություն ի նպաստ «Լույսե հիմնադրամի, և այս տարի նույնպես Բանկի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները կկիրառվեն հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով:

Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է, որ որակյալ ուսումնական և կրթական ծրագրերի աջակցությունը Բանկի սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր ուղղություններից մեկն է: Նա բարձր է գնահատել «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում խելացի և տաղանդավոր երիտասարդներին ձեռք բերել այնպիսի արդիական, որակյալ գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը:

«Այսօր ժամանակակից աշխարհը շատ արագ է զարգանում և ես առավել քան համոզված եմ, որ հենց նման կրթված երիտասարդների միջոցով է հնարավոր արդյունավետ կերպով ճիշտ գնահատել բոլոր մարտահրավերները, լինել մրցունակ, ներկայանալի և ճիշտ կողմնորոշվել անընդմեջ փոփոխվող աշխարհում»,-նշել է Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: