Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017 20:21
Կարինա Մելիքյան

Ամերիաբանկը ձեռնամուխ է եղել «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկմանը

Ամերիաբանկը ձեռնամուխ է եղել «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկմանը

Արմինֆո. Ամերիաբանկը հայտարարում է «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկման մեկնարկի մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բանկի բոլոր բանկոմատները, ներառյալ մարզերում տեղակայվածները, արդեն սպասարկում են  «Միր» վճարային համակարգի քարտերը:

 

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի («Միր» և «ԱրՔա») ինտեգրման գործընթացում Հայաստանից որպես փոխհաշվարկային բանկ հանդես է գալիս Ամերիաբանկը:

 

Ամերիաբանկը նախաձեռնել է «Արքա» քարտերի թողարկման գործընթացը, որը հնարավորություն կընձեռի սպասարկվելու Ռուսաստանի Դաշնության անկանխիկ սպասարկման և կանխիկացման կետերում: Շուտով այդ քարտերը  Ամերիաբանկում հասանելի կլինեն  հաճախորդներին:

 

Այժմ Ամերիաբանկի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ բանկի  POS տերմինալների միջոցով «Միր» քարտերի սպասարկման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:  Արդյունքում` մի շարք հյուրանոցներ, խոշոր առևտրային, ժամանցի և սպասարկման կետեր, որտեղ տեղադրված են Ամերիաբանկի POS տերմինալները, հնարավորություն կունենան սպասարկել «Միր» վճարային համակարգի քարտապաններին:

 

Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի ինտեգրումը կնպաստի երկկողմանի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև կդարձնի առավել ճկուն ու հարմարավետ գործարար և անձնական նպատակներով կատարվող քարտային գործարքնրը:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: