Արմինֆո. Կոնվերս բանկում ներդրվել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկատվական անվտանգության համակարգ, որն ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում, այդ թվում` անընդհատության ապահովում բոլոր բիզնես գործընթացներում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Այդ կապակցությամբ Բանկին հանձնվել է ISO 27001 հավաստագիր:
Հավաստագրումն իրականացրել է ոլորտի համաշխահային առաջատարներից մեկը՝ ֆրանսիական Բյուրո Վերիտաս ընկերությունը: Միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:
Տեղեկատվական անվտանգության կառավարման այս համակարգը հիմնված է բիզնես ռիսկերի կառավարման վրա: Այն հնարավորություն է տալիս մշակել, ներդնել, բարելավել տեղեկատվական անվտանգության մեխանիզմներ, մշտադիտարկել դրանք՝ բարձրացնելով տեղեկատվության գաղտնիության մակարդակը, ինչպես նաև երաշխավորելով դրա ամբողջականություն ու հասանելիությունը: Աուդիտորական ստուգման արդյունքների համաձայն` Կոնվերս Բանկն ամբողջապես բավարարում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող բոլոր պահանջներին:
«Կոնվերս Բանկում միշտ կարևորել են հաճախորդների և գործընկերների տեղեկատվության անվտանգության ապահովումը: ISO 27001:2013 հավաստագրումը վկայում է Բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակի,տվյալների մշակման ու վերահսկման գործընթացի բարձր արդյունավետության մասին : Սա ևս մեկ քայլ է Բանկի հաճախորդների և շահագրգիռ կողմերի հետ առավել ապահով և անվտանգ համագործակցության համար: Մեր գործընկերները և հաճախորդները կարող են համոզված լինել, որ Բանկի տեղեկատվական ակտիվները պաշտպանված են, իսկ անվտանգության ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի: Այս վկայագիրը ևս մեկ անգամ վկայում է , որ Բանկը հուսալի գործընկեր է»,- նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են`«Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80.94 տոկոս), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06 տոկոս) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս): 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Կոնվերս բանկի ակտիվները կազմել են 217.3 մլրդ դրամ, պարտավորությունները`183.3 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 34.1 մլրդ դրամ: