Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017 13:47
Նաիրա Բադալյան

2018 թվականին մի շարք միջազգային կազմակերպություններ կգնահատեն Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը

2018 թվականին մի շարք միջազգային կազմակերպություններ կգնահատեն Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Այդ առնչությամբ այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնութհան հետ կապերի վարչությունից, առաջինը վերաբերում էր Հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը: «Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել և իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական և գործնական փոփոխություններ: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, գնահատվելու են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում կատարված աշխատանքները»,-նշել է վարչապետը: Հաշվի առնելով վերոնշյալի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին ամփոփել և իրեն  ներկայացնել առաջարկություն համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ: Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է արդարադատության նախարարի  ներկայացրած տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմինների կողմից հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ: Վարչապետը հորդորել է գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն և պարբերաբար զեկուցել իրեն: