Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017 17:28
Ալինա Հովհաննիսյան

HSBC-ին Հայաստանում տրամադրել է իր ամենախոշոր վարկերից մեկը` նշանավորելով տասնամյա համագործակցությունը ՀԷՑ-ի հետ

HSBC-ին Հայաստանում տրամադրել է իր ամենախոշոր վարկերից մեկը` նշանավորելով տասնամյա համագործակցությունը ՀԷՑ-ի հետ

Արմինֆո. HSBC Բանկը Հայաստանում տրամադրել է իր գործունեության ընթացքում ամենախոշոր վարկային միջոցներից մեկը (55 մլն եվրո) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությանը:  Ֆինանսավորումը նշանավորում է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև տասնամյա համագործակցությունը:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, գործարքը հիմնվում է գործընկերների միջև փոխվստահության ու նրանց պատրաստակամության վրա՝ նպաստելու Հայաստանի էլեկտրական ցանցի համակարգի կայուն գործունեության և արդյունավետ կառավարմանը: Վարկային միջոցները կօգտագործվեն  վերակառուցելու  ՀԷՑ-ի նախկին բաժնետիրոջ վարկը:

 

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը լավատես է ՀԷՑ-ի հետ ռազմավարական գործընկերության հարցում. «Այս գործարքը   հիմնված է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև վստահության և երկարաժամկետ համագործակցության վրա: Սա վկայում է նաև մեր հետևողականության մասին, որով ցանկանում ենք նպաստել ներդրումներին՝ ուղղված Հայաստանում կայուն և անվտանգ էներգետիկ ոլորտի զարգացմանը»:

 

Գործարքը ՀԷՑ-ի ավելի ծավալուն ներդրումային սխեմայի մաս է կազմում՝ ուղղված ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունն ապահովելուն երկարաժամկետ հեռանկարում:

 

«Այս գործարքն իր դրական ազդեցությունը կունենա ՀԷՑ-ի ֆինանսական առողջացման վրա: Հարկ եմ համարում նշել նաև, որ վարկային միջոցները ներգրավվում են առանց պետական երաշխիքի: Ֆինանսավորումը կօգնի ունենալ առավել ապահով, կայուն ու արդյունավետ ընկերություն»,- նշում է ՀԷՑ-ի Գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

 

Նշենք, որ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է HSBC Bank plc խմբի անդամ, Հայաստանում գրանցվել է 1995 թ. հունիսի 20-ին: Բանկի բաժնետերերն են HSBC Europe BV- ն, 70% բաժնեմասով և Wings Establishment-ը, 30%: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 215 մլրդ դրամ (444.7 մլն դոլար), որից 140 մլրդ դրամ (ավելի քան 291 մլն դոլար) կազմել են վարկային ներդրումները: