
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունում հոկտեմբերի 5-ին քննարկել են նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հարցերը, մասնավորապես, այն հետաձգելու հնարավորության: Քննարկումը տեղի է ունեցել պետեկամուտների քաղաքականության կատարելագործման գծով հանրային խորհրդի նիստում:
Ինչպես տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունից, քննարկվել է ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու առաջարկը`2018 թվականի փոխարեն 2016 թվականից: Ինչպես նաև քննարկվել են
գրավ դրված գույքի դատական և արտադատական կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթացքում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի, անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համակարգի, եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման հետ կապված հարցեր:
Նիստի արդյունքում որոշվել է շարունակել գրավ դրված գույքի դատական և արտադատական կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթացքում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի վերանայման աշխատանքները: Խորհրդի կողմից նպատակահարմար չի համարվել անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համակարգը, ինչպես նաև եկամտային հարկի դրույքաչափերը փոփոխելու առաջարկությունների ընդունումը:-