Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2017 16:43
Մարիաննա Մկրտչյան

Սերժ Սարգսյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման հարցերը

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված երևանյան վերոնշյալ համաժողովների անցկացումը, որոնք, Նախագահի համոզմամբ, դարձել են երկու երկրների տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների բովանդակալից երկխոսության ու անմիջական շփման հարթակ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են նման միջոցառումների պարբերական անցկացումը, ինչը, նրանց կարծիքով, թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ներուժը և քայլեր ձեռնարկել դրանք լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման ու արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերին: Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Մանտուրովի այցը նոր խթան կհաղորդի ռուսաստանյան և հայկական արդյունաբերողների միջև փոխգործակցությանը, կոոպերացիաների զարգացմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, որոնց հնարավորությունները մեծանում են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության շնորհիվ:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թ.հունվար-օգոստոսին աճել է տարեկան 23,5% -ով՝ մինչև $991.8մլն, ինչի խթան է հանդիսացել արտահանման 36,6%, մինչև $310 մլն և ներմուծման 18,3%, մինչև $681.8 մլն աճը: