Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 11:15
Նաիրա Բադալյան

Ծաղկաձորը՝ ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի լավագույն հնգյակում

Ծաղկաձորը՝ ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի լավագույն հնգյակում

Արմինֆո. Ծաղկաձորը ներառվել է ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի լավագույն հնգյակում: Այդ մասին է վկայում  2017–2018 թթ. ձմեռային հանգստի համար ճանաչված ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշը՝ պատրաստված ՏուրՍտատ վերլուծական գործակալության կողմից:

ԱՊՀ և մերձավոր արտերկրի պետությունների՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած լավագույն ձմեռային հանգստավայրերի վարկանիշը գլխավորում են Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի և Ուզբեկստանի լեռնադահուկային հանգստավայրերը: ՏուրՍտատի տվյալներով՝ ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերում ձմեռային հանգիստ ռուս զբոսաշրջիկները պլանավորում են 7-10 օր տևողությամբ:

Լեռնադահուկային հանգստի համար ԱՊՀ երկրների լավագույն ձմեռային հանգստավայրերի տասնյակում ներառվել են Չիմբուլակը (Ղազախստան), Շահդաղը (Ադրբեջան), Սիլիչին (Բելառուս), Ծաղկաձորը (Հայաստան), Չիմգանը (Ուզբեկստան), Կարակոլը (Ղրղզստան), Լոգոյսկը (Բելառուս), Թուֆանդաղ /Ադրբեջան/, Ալթայի Ալպեր /Ղազախստան/ և Յակուտյան լեռները /Բելառուս/:

Վարկանիշը կազմվել է 2017 դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թ. փետրվարի 28-ը հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի տվյալների վերլուծության հիման վրա: 

Հանգստի բյուջեն, ներառյալ կեցությունը և սնունդը, կկազմի՝ Չիմգանում օրական մինչև $65, Կարակոլում՝ $70, Ծաղկաձորում՝ $80, Լոգոյսկում $85, Շահդաղում և Թուֆանդաղում՝ $90, Չիմբուլակում՝ ավելի քան $100: