Արմինֆո. Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական համագործակցությունն այնպիսի բարձր մակարդակում չէ, ինչպես կարող էր լինել: Այդպիսի կարծիք է հայտնել Շվեյցարիայի գործարարների միության գլխավոր տնօրեն Բլեյզ Մաթեյը` հոկտեմբերի 19-ին հայ-շվեցարական «Սոցիալական և բարեկամական տնտեսությունը և սոցիալական համագործակցության խթանումը: Շվեյցարական լավագույն փորձը՚ գործարար համաժողովի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
«Ինձ համար դժվար է գնահատական տալ Հայաստանի գործարար միջավայրին, սակայն, կարող եմ ասել, որ հայ գործարարներն ունեն առաջ ընթանալու հաստատուն կամք և սովորելու ցանկություն՚, - նշել է նա: Որպես Շվեյցարիայի և Հայաստանի համագործակցության առաջնային ոլորտներ Բ. Մաթեյը նշել է գյուղատնտեսությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: «Հայաստանն ու Շվեյցարիան արդեն համագործակցում են ագրոհատվածում: Սակայն դեռ կա փոխհարաբերությունների խորացման ներուժ: Ու` նաև ՏՏ ոլորտը, որը սրընթաց զարգանում է: Միանշանակ` կան այլ հեռանկարային ուղղություններ, որոնց մասին մենք չգիտենք: Բայց, կարծում եմ, այսօրվա գործարար համաժողովը թույլ կտա բացահայտել համագործակցության զարգացման նաև այլ ոլորտներ՚, - հաղորդել է փորձագետը: Այդ առումով նա պարզաբանել է, որ այսօրվա համաժողովի շրջանակում Շեյցարիայի ներկայացուցիչները մտադիր չեն հայ գորընկերներին ինչ-որ բան սովորեցնել: «Ավելի շուտ` հակառակը: Ցանկանում ենք Ձեզանից սովորել և կիսել մեր փորձը՚, - ընդգծել է նա:
Բ.Մաթեյի կարծիքով, այսօր Հյաստանն ընթանում է դեպի բաց տնտեսություն: Սակայն, նրա ասելով, դեռ կան որոշակի սահմանափակումներ: «Երբ ես ասում եմ «բաց՚, նկատի ունեմ ոչ միայն առևտուրը, այլև` Ձեր հայացքները, մտածելակերպը՚, - եզրափակել է նա:
Հավելենք, որ «Սոցիալական և բարեկամական տնտեսությունը և սոցիալական համագործակցության խթանումը: Շվեյցարական լավագույն փորձը՚ գործարար համաժողովը Հայաստանում անցկացվում է 8-րդ տարին անընդմեջ` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ: Համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ կլոր սեղանների շրջանակում, B2B ձևաչափի հանդիպումներ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրի շրջանառությունը 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ավելացել է 3.1 անգամ, մինչև 226.5 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն ավելացել է 3.5 անգամ` մինչև 170 մլն դոլար` ներմուծման 2.2 անգամ, մինչև 56.5 մլն դոլար աճի պայմաններում: