Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017 11:40
Նաիրա Բադալյան

Հայաստանը կարգելի աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը

Հայաստանը կարգելի աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը

Արմինֆո. Առաջիկայում կարգելվի աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Այդ մասին հաղորդել են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ԱրմԻնֆո-ի աղբյուրները:

 

«Օրինագիծը, որը նախատեսում է արգելել աջակողմյան փոխադրամիջոցների ներկրումը հանրապետություն, այլ ոչ թե դրանց շահագործումը, շուտով կներկայացվի Հայաստանի կառավարության հավանությանը», - հաղորդել է նախարարության աղբյուրը: Նախատեսվում է, որ մինչև նոյեմբերի կեսը փաստաթուղթը կներկայացվի օրենսդիր մարմնի քննարկմանը:

 

Աջակողմյան ղեկով փոխադրամիջոցների ներկրումն ու շահագործումն արգելելու մասին խոսակցությունները նոր չեն սկսվել: Սակայն մինչ օրս դրանց շահագործումը դադարեցնելու վերաբերյալ ոչ մի իրավական ակտ չկա: Այդ խոսակցությունները նոր թափով վերսկսվել են վերջերս: Շրջանառվող լուրերի համաձայն, այդ նախաձեռնությանը նոր լիցք են հաղորդել ավտոմեքենաների խոշոր ներկրողները, որոնք  պաշտոնյաների «աչքերը բացել են՚ նշված մեքենաների վտանգավորության վրա: Հենց այդ հանդիպումների արդյունքում Տրանսպորտի նախարարությունում մեկնարկել են այդ ուղղությամբ նոր քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Ինչպես օրերս ԱԺ-ում հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նման մեքենաները վտանգ են ներկաայցնում, քանի որ դրանց մասնակցությամբ արձանագրվում են բազմաթիվ ՃՏՊ-ներ (թեև այդ մասին մինչ օրս պաշտոնական վիճակագրություն չի ներկայացվել - խմբ.): Նախարարի ասելով, այդ առնչությամբ իրենք մտադիր են այդ հարցը կարգավորել օրենսդրական մակարդակում, սակայն մեքենաների տերերին ժամանակ կտրվի ղեկի տեղը փոխելու համար: Գերատեսչությունում հավաստիացրել են, քննարկումների ընթացքում հաշվի կառնվեն բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները, և բոլոր առաջարկությունների ամփոփումից հետո կներկաայցվեն հանրությանը:  Հնարավոր է` այս փուլում մեծ աղմուկ չբարձրացնելու համար նախաձեռնության հեղինակները որոշել են սահմանափակվել ներկրման արգելքով (ոչ պաշտոնական տվյալների համաձայն, աջակողմյան ավտոմեքենաների թիվը երկրում ավելի քան 35 տոկոս է):

 

Ավելի վաղ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, «Վարորդի ընկեր՚ իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Դավիթ  Պեդանյանը հայտարարել էր, որ Հայաստանում աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման և շահագործման նկատմամբ արգելք նախատեսող ծրագրի մշակման նախաձեռնողները, ամենայն հավանականությամբ, ավտոփոխադրամիջոցների խոշոր ներկրողներ են: Նրա ասելով, նախաձեռնությունը հարկավոր է դիտարկել նաև այն անձանց  բիզնես-նախագծի համատեքստում,  որոնք արգելքի ընդունման արդյունքում կզբաղվեն հարցի տեխնիկական կողմով, մասնավորապես, մեքենաների աջակողմյան ղեկերը ձախակողմյանի վերասարքավորմամբ, ինչն արժե  700-1000 դոլար: Պեդանյանի ասելով, այժմ Հայաստանում աջակողմյան ղեկերով ավտոմեքենաների մասնակցկությամբ ՃՏՊ-ների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա: Ելնելով դրանից` փորձագետը խորամանկություն է համարում, որ որպես այդ գաղափարի հիմնավորում նշվում է այն փաստը, որ Հայաստանում երթևեկությունը նախատեսված չէ աջակողմյան ղեկով մեքենաների համար, ինչի առնչությամբ ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունենում հենց նման  մեքենաների  մասնակցությամբ: