Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 16:29
Կարինա Մելիքյան

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընդգրկվելով Abond ցուցակում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընդգրկվելով Abond ցուցակում

Արմինֆո. 2017 թվականի հոկտեմբերի 24-ին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տրանշը ցուցակվել և ընդգրկվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

 

Աղբյուրի համաձայն, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 50,000 հատ արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.5% տոկոսադրույքով և 30 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMACBAB21ER0) բորսայում կշրջանառվեն ACBAB1 բորսայական հապավմամբ:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի դոլարային պարտատոմսերի առաջին թողարկման տեղաբաշխումն սկսվել է այս տարվա օգոստոսի 18-ին և ժամանակից շուտ ավարտվել հոկտեմբերի 5-ին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ֆինանսական գծով տեղակալ է Ստեփան Զաքինյանը. «Սա Բանկի պարտատոմսերի առաջին թողարկումն է, բայց էմիսիան կունենա շարունակություն: Այսպիսով, մենք ցանկանում ենք նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: Մեր հաճախորդների համար, պարտատոմսերը կհանդիսանան ներդրումների և խնայողությունների այլընտրանքային գործիք, իսկ բանկը մտադիր է տեղաբաշխումից ներգրավված միջոցներն ուղղել Հայաստանի տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը»: Ըստ ՀՀ ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորման օրենքի, անվանական արժեկտրոնային պարտատոմսերից գոյացած միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդներ և երաշխավորված են Հայաստանի ավանդների երաշխավորման Հիմնադրամի կողմից:

 

Նշենք, որ ընդհանուր առմամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2017 թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ շրջանառվում են 11 թողարկողների 24 դոլարային պարտատոմսեր, որց 20-ի թողարկողները 8 բանկերն են`Արարատբանկը (5), Ամերիաբանկը (4), Արմսվիսբանկը (4) , Անելիք Բանկը (3), Հայբիզնեսբանկը, Կոնվերս Բանկը, Յունիբանկը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:

 

Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)`12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են 10 գյուղացիական փոխօգնության մարզային միություններ: