Արմինֆո. Յուրաքանչյուր երկիր, և, առավել ևս, Հայաստանը, անշուշտ, ցանկանում է էներգառեսուրսներ ձեռք բերել ավելի էժան` քան հարևանները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` bfm.ru-ի հետ հարցազրույցում:
«Դա, պարզապես, ստեղծում է առավելություն: Արդի պայմաններում մրցակցությունը շատ կարևոր է: Իհարկե, ԵԱՏՄ շրջանակում ինչ-ոչ բան լուծվել է, սակայն առայժմ` ոչ վերջնականապես: Մենք ունենք այդպիսի որոշում. մինչև 2025 թիվը հասնել ածխաջրածնային ռեսուրսների ընդհանուր շուկաների: Երբ դա պատահի, կարծում եմ, մենք կունենանք արտադրության աճի լուրջ խթան: Եվ ոչ միայն արտադրության, քանի որ մեզ մոտ գրեթե ամեն ինչ գազով է՚, - ասել է Հայաստանի նախագահը:
Պատասխանելով ռուսական ընկերությունների բաժնեմասի դերին առնչվող հարցին` Սարգսյանն ասել է, որ դա ավելի շուտ, հուսալի ապահովում է: «Լավ կլիներ, եթե այդ ձեռնարկություններն աշխատեին նվազագույն շահույթով, այսինքն, դրանց արտադրանքը լիներ ավելի էժան, քան մյուսներինը: Սակայն, մյուս կողմից, բիզնեսը մնում է բիզնես: Մեզանից ոչ ոք ուժով չի խլել այդ ձեռնարկությունները, հասկանում եք: Մենք ինքներս ենք վաճառել այդ ձեռնարկությունները, մենք ինքներս ենք դրանք սեփականաշնորհել: Իհարկե, ես հասկանում եմ մարդկանց, որոնք չեն հիշում, իրենց տարիքի կամ իրազեկվածության բերումով, այն խնդիրները, որոնք կային 90-ական թվականներին, և այժմ այդ հարցերին նայում են այլ տեսանկյունից: Դա միշտ հեշտ է: Այն ժամանակ դա պետք չէր տալ. Ինչու՞: Մենք, ինչ է, ավելի վա՞տ կարող էինք շահագործել: Սակայն տարբեր իրավիճակներում հարցերի լուծումը լինում է տարբեր՚, - նշել է Հայաստանի նախագահը:
Անդրադառնալով սկսնակ գյուղատնտեսական ընկերություններին պետական աջակցության թեմային` Սարգսյանը նշել է, որ այն ընկերությունները, որոնք աշխատում են հողի հետ և արտադրում են փոքր ծավալի արտադրանք, ընդհանրապես, ԱԱՀ չեն վճարում: «Կախված տարածաշրջանից` մենք սուբսիդավորում ենք վարկերը՚, - ընդգծել է նախագահը, հավելելով, որ որոշ շրջաններում վարկեր են տրամադրվում 2-3 տոկոս տոկոսադրույքով: Նախագահը նշել է, որ պետությունը խթանում է այն մարդկանց, որոնք մեծ միջոցներ են ներդնում ջերմոցային տնտեսություններում: «Սպայկան՚ արդեն ունի, իմ կարծիքով, շուրջ 50 հա ջերմոցային տնտեսություն, սկսել է 100 հա շինարարություն: Շուկան մեծ է, վճարունակ: Նկատի ունեմ ռուսականը և եվրասիականը, ուստի այդ հնարավորություններից չօգտվելն, ուղղակի, հիմարություն է՚, - կարծում է ՀՀ նախագահը:
Սարգսյանը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ռուսական ռուբլու արժեզրկումն ազդել է Հայաստանի եկամուտների վրա: Նրա ասելով,ռուսական ռուբլու կայունությունը մեր գյուղատնետսական արտադրանքի իրացման գրավականն է, քանի որ ոչ միշտ է պայմանագիրը կնքվում ռուբլով, գործարարը այստեղ իր տնտեսությունը վարում է դրամով: Եվ ռուբլին, և դրամը կապված են դոլարով: «Մեր տնտեսությունը փոքր է, և, հնարավոր է, ավելի հեշտ է լուծել այդ հարցերը: Եթե մենք կարողանանք առաջիկայում մեր արտահանումը մոտեցնել ներմուծմանը, այսինքն, բերել ինչ-որ հաշվեկշռի, ապա մեզ մոտ, իհարկե, միշտ կայուն կլինի: Սակայն դրա համար կարկավոր են մեծ ջանքեր՚, - հայտարարել է նախագահը: Նա հիշեցրել է, որ հանրապետությունը գազ է գնում ոչ թե ռուբլով կամ դրամով, այլ` դոլարով, իսկ բնակչությանը վաճառում է դրամով, որը հետո պետք է վերածել դոլարի և փոխանցել «Գազպրոմին՚: «Դա նշանակում է, որ մենք կոնյակը, լոլիկը, վարունգը պետք է վաճառենք դոլարով, որպեսզի հնարավոր լինի հետո դա բերել Հայաստան և այդ դոլարները տալ գազի դիմաց՚, - նշել է Ս.Սարգսյանը: