Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017 20:41
Նաիրա Բադալյան

Աշոտ Մանուկյան. «Լիդիան» ընկերությունը, Հայաստան ներուծեց նոր գործարար մշակույթ և կորպորատիվ կառավարման առաջադեմ մոտեցումներ

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության Վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով ներկայացուցիչ  Մարկ Փրիթչարդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Ֆորնուորթը: Քննարկվել են էներգետիկայի և ընդերքի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում Միացյալ Թագավորության Վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով ներկայացուցչի  նշանակման փաստը, համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը։ Հյուրերի խնդրանքով Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ոլորտի գերակայությունները։ Նշվել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով խնդիր է դրված առաջիկա մի քանի տարիներին ներքին վերակագնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը հասցնել սպառման 50 տոկոսին։

 

«Այդ առումով առաջնային է համարվում հատկապես արևային և ջրային ռեսուրսների առավելագույնս օգտագործումը»,-նշել է նախարարը։

 

Գերակայությունների թվում Աշոտ Մանուկյանն առանձնացրել է նաև ընդերքի ոլորտը, որտեղ առաջին քայլերն են արվում «պատասխանատու» հանքարդյունաբերության քաղաքականության ներդրման համար։ «Այստեղ խնդիր ունենք ներգրավելու այնպիսի ներդրողների, ովքեր պատասխանատու վերաբերմունք կդրսևորեն ոլորտի նկատմամբ»,-ասել է Աշոտ Մանուկյանը։

 

Որպես «պատասխանատու հանքարդյունաբերողի» օրինակ առանձնացվել է «Լիդիան» ընկերությունը, որը Աշոտ Մանուկյանի խոսքով՝ Հայաստան ներուծեց նոր գործարար մշակույթ և կորպորատիվ կառավարման առաջադեմ մոտեցումներ:

Նախարարը հյուրերին տեղեկացրել է տնտեսության այդ ճյուղում իրականացվող քայլերի և սպասվող նախաձեռնությունների մասին։

 

Կարևորվել է համագործակցությունը նաև կադրերի պատրաստման ոլորտում։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդը հաճելի է համարել լսել արտաքին հատվածից ներդրումներ ներգրավելու ուղղությամբ Հայաստանի կառավարության նպատակադրումների մասին։ Նշվել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է մեր երկրի հետ առևտրաներդրումային ոլորտներում համագործակցությամբ։  

 

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ հետագա փոխգործակցության ուղղությամբ։

 

Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում:-