Արմինֆո. Նոյեմբերի 11-ից «Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղու վերջնակետը կլինի մետրոյի «Երիտասարդական՚ կայարանը: Երթուղին կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։ Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, «Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով, ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ:
Վերջնակետից` մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղևորվելիս, ավտոբուսը կանգառներ կկատարի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարևանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ և Փարաքար գյուղերի կանգառներում, «Զվարթնոց» օդանավակայանում:
Բացի այդ, այս երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն համապատասխան տերմինալներ, որոնց միջոցով մեր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել իրենց բանկային քարտերով։ «Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին սպասարկում է «Էլիտ բաս» ընկերությունը։ Ուղեվարձը 300 դրամ է։
Ավելի վաղ, հունիսի 8-ին ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխման ծառայություններին, մտահոգություն էր հայտնել այն առնչությամբ, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին։ «Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողն են հանդիսանում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու մեր համաքաղաքացիները», - ընդգծել էր Կ.Կարապետյանը։ Վարչապետը հանձնարարել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին քննարկել Երևան-Զվարթնոց գործող երթուղիների արդիականացման հնարավորությունը։ Դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին` վարչապետը մեկ անգամ ևս հանձարարել էր կարգավորել դաշտը՝ հստակ հայտանիշեր դնելով: Վարչապետն առաջարկել էր երթուղային գիծ մշակել, սակագներ հաստատել և այլն: Արդյունքում` հունիիս 14-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել էր առաջին փորձնական երթուղին: