
Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանին, որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման-ԾԻԳ» բաղադրիչի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» (ԵԳՖԱԾ) վերահսկողության նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Ռամի Սալմանը հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել և իրականացնել նոր ծրագրեր, որոնք համահունչ կլինեն գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը:
Հիմնադրամի հետ համագործակցությունն առավել ամուր և գործնական հիմքերի վրա դնելու նպատակով որոշվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մշակմամբ:
Իր խոսքում կարևորելով ագրարային ոլորտում փորձառու և ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների պատրաստումը` նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ այս առումով ևս IFAD-ի փորձն ու մասնագիտական կարողությունները կարող են օգտակար լինել:-
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.55 | -0.10 |
EUR | 440.47 | -2.29 |
GBP | 502.25 | -0.17 |
CAD | 272.36 | -0.75 |
JPY | 24.81 | -0.02 |
CNY | 53.72 | -0.07 |
CHF | 473.63 | -3.37 |

