Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017 13:47
Նաիրա Բադալյան

Եգիպտական ընկերությունը մտադիր է արտադրություն սկսել Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում

Եգիպտական ընկերությունը մտադիր է արտադրություն սկսել Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում

Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆի հետ, ով գլխավորում է «Wassef Group»-ը։ Ինչպես հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը, ընկերությունը Եգիպտոսի բամբակի և բամբակյա գործվածքեղենի առաջատար արտահանողներից ու արտադրողներից մեկն է:

Ջոզեֆ Վասեֆը նախարարին հայտնել է, որ ցանկանում է Հայաստանում արտադրություն հիմնել թեթև արդյունաբերության ոլորտում։ Ներդրողը նշել է, որ իրենց ընկերությունների շղթան մասնագիտացած է արտադրության բոլոր փուլերում՝ տրիկոտաժի ներկում, պտտվող, թվային և կտորային տպագրություն, ասեղնագործություն, ձևավորում, կար և փաթեթավորում։ Ընկերությունը արտադրանք է մատակարարում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշային ընկերություններին։

 

Նախարարը ներդրողի հետ քննարկել է Հայաստանում հագուստի արտադրություն հիմնելու հնարավորությունները, Հայաստանի կառավարության կողմից ներդրողների համար սահմանված աջակցության գործիքակազմը, արտահանման հնարավորությունները և այլ մանրամասներ։

Ջոզեֆ Վասեֆի խոսքով՝ հայաստանյան աշխատուժն աշխարհում լավագույններից է և հայ մասնագետներն իրենց գործի գիտակն են, ինչն էլ ավելի կհեշտացնի իրենց գործունեությունը։ Ներդրողը նշել է, որ կարող են 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել։

Հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախարարության աջակցությամբ գործարարը կսկսի նախնապատրաստական աշխատանքները և անհրաժեշտ ուսումնասիրությունները: