Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2017 18:48
Կարինա Մելիքյան

ԵՄ-ը և ՎԶԵԲ-ը կապիտալի շուկայի զարգացման նպատակով Հայաստանին կտրամադրեն 40 մլն եվրո

Արմինֆո. Եվրոպական միությունը (ԵՄ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մտադիր են 40 միլիոն եվրո ներդնել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության բաժնի ղեկավար Գոա-Բին Աջեմյանը:

Նա նշել է, որ ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկել է ֆինանսական խորհրդատուների եռօրյա ուսուցողական դասընթացը, որը նպատակաուղղված է ՓՄՁ-ներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը:

Նրա խոսքերով, փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանումը Հայաստանի հետ համագործակցության առաջնահերթությունն է: «Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 250 փոքր և միջին ձեռնարկություններ օգտվել են  խորհրդատվական ծառայություններից», - ընդգծել է Աջեմյանը:

Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1992 թվականից, և այդ ժամանակից ի վեր տնտեսության մեջ կատարել է 1.12 մլրդ եվրոյի ներդրում: Մասնավորապես, 161 ծրագիր է իրականացվել ֆինանսների, ենթակառուցվածքների, էներգետիկայի, բիզնեսի ոլորտներում: Ներդրումների 89%-ը բաժին է ընկել մասնավոր հատվածին: