Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը` Աբդուլազիզ Ֆաղիի գլխավորությամբ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, քննարկվել են բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին և հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ողջունելով հյուրերին` Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել բանկի դերը Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման և էլեկտրահաղորդման ցանցի հուսալիության բարձրացման նպատակով իրականացվող միջոցառումներին օժանդակելու գործում։ Կողմերն անդրադարձել են մասնավորապես ենթակայանների վերակառուցման ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին և ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։ Արձանագրվել է, որ ենթակայանների վերակառուցումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կապված տարածաշրջանային ծրագրերի իրականացման հետ։ Առանց դրանց արդիականացման անհնարին կլինի սպասարկել առաջիկա տարիներին ակնկալվող հոսքերը։
«Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի գործարկումից հետո էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կավելանա երեք անգամ։ Այդ համատեքսում «Երևանի ՋԷԿ-ի» ենթակայանի կառուցումն ունի ռազմավարական նշանակություն։ Այն սպասարկելու է նաև Երևանի ՋԷԿ-ի կառուցվող երկրորդ էներգաբլոկը, - ընդգծել է Աշոտ Մանուկյանը։
Անդրադառնալով Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրին՝ առաքելության անդամ Արթուր Կոչնակյանն իր գոհունակությունն է հայտնել դրա ընթացքի և արձանագրվող արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախատեսված բոլոր ցուցանիշները լիարժեք կատարվում են։
Զրուցակիցները քննարկել են նաև արևային էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Խոսվել է մասնավորապես «Մասրիկ-1» կայանի կառուցման ծրագրի, դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակնկալվող քայլերի մասին։ Առանձնապես կարևորվել է արևային էներգիայի կուտակիչ մարտկոցների կիրառման անհրաժեշտությունը և դրանց կառուցման գործում բանկի հնարավոր աջակցությունը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել 220 կՎտ հզորությամբ նոր ենթակայան կառուցելու մասին, որի գլխավոր կապալառուն է AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. կոնսորդիումը (Շվեդիա / Իսպանիա): Կապալառուն ընտրվել է միջազգային մրցույթի արդյունքում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 220 կՎ հզորությամբ Երևանի ՋԷԿ-ի նոր ենթակայանը: Պայմանագրի արժեքը կազմում է 11.3 միլիոն դոլար, 4.7 միլիոն եվրո և 6.9 միլիոն շվեդական քրոն: Նոր ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 17 ամսում:
Նշենք, որ «Էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում՚ նախագիծը գնահատվում է 69,16 մլն դոլար, որից 52 մլն դոլար կտրամադրի ՀԲ-ն, իսկ մնացածը` Հայաստանի կառավարությունը: Վարկը տրամադրվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով 25 տարի ժամկետով` 14,5 տարի արտոնյալ ժամկետով: Առաջինը 1983 թվականին կառուցված «Աշնակ՚ ենթակայանն է (Արագածոտնի մարզում): Երևանի ՋԷԿ-ին առնչվող իրավիճակն ավելի բարդ է. այն կառուցվել է 1965 թվականին: Երկու ենթակայաններում էլ կապիտալ վերանորոգում չի անցկացվել: Ծրագիրը նաև ենթադրում է Էներգետիկայի նախարարության պահեստային դիսպետչերական կենտրոնի ստեղծում` ի լրումն արդեն գործողի:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում քառակողմ հուշագիր է ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի միջև, որով նախատեսվում է Էլեկտրաէներգիայի փոխհոսքերի կառավարման արդյունավետության, էներգահամակարգերի անվտանգության և հուսալիության բարձրացում: Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այս նախաձեռնությամբ բարենպաստ միջավայր է ստեղծում մի կողմից այն հանգամանքը, որ Հայաստանի և Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերն իրար հետ աշխատում են զուգահեռ սինխրոն ռեժիմներով: Մասնավորապես, նախատեսվում է մինչև 2019թ. վերջը շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծն ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։ Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ ասինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն և էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը առաջին փուլում կկազմի 350 Մվտ, մինչև 2021 թ-ը հասնելով 700 Մվտ-ի: Բացի այդ, մինչև 2019 թվականի վերջը կգործարկվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ ԷՀԳ, ինչը թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել ընդհուպ մինչև 1050 Մվտ հզորության։ Այս միջոցառումների իրականացման նպատակն է իրագործել Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգտիկ միջանցքի ստեղծման նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ։ Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն դոլար: Միջոցները տրամադրել է իրանական կողմը: Նախագիծն իրագործում է իրանական «Սանիր՚ ընկերությունը: