Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017 13:58
Դավիթ Ստեփանյան

Կանխատեսում. «Մեղրի՚ ԱՏԳ-ն Եվրամիության և ԵԱՏՄ հետ Իրանի հարաբերությունների հաստատման հեռանկարային լուրջ հարթակ է

Կանխատեսում. «Մեղրի՚ ԱՏԳ-ն Եվրամիության և ԵԱՏՄ հետ Իրանի հարաբերությունների հաստատման հեռանկարային լուրջ հարթակ է

Արմինֆո. «Մեղրի՚ ազատ տնտեսական գոտին Եվրամիության և ԵԱՏՄ հետ Իրանի հարաբերությունների հաստատման բավականին լուրջ հեռանկարային հարթակ է: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

 

Դեկտեմբերի 15-ին տրվել է «Մեղրի» 100% պետական ​​ազատ տնտեսական գոտու մեկնարկը: Դրանով նշանավորվում է երկու նախանշված փուլերից մեկի ավարտը: Խոսքը գնում է մոտ 2 հա տարածքի մասին, որը գտնվում է Մեղրիի անցակետի մոտակայքում: Մեղրիի ԱՏԳ-ն այս առաջին փուլում ունի իր գործունեության համար անհրաժեշտ նվազագույն ենթակառուցվածքները:

 

«Նման հետևության կարելի է հանգել` ելնելով ԵԱՏՄ հետ Իրանի հարաբերությունների վերջին իմպուլսներից: Իսկ, հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ միջև վերջերս ստորագրված համաձայնագիրը, որոշակի հորիզոններ և հեռանկարներ են բացվում նաև ԵՄ հետ Իրանի հարաբերություններում: Հետևաբար, Հայաստանի համար «Մեղրի՚ ԱՏԳ-ն էական կարևորություն ունի, հատկապես` տնտեսական առումով՚, - նշել է նա:

 

Իրանագետը Մեղրիի ազատ տնտեսական գոտու որակյալ գործարկումը գնահատում է որպես հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու երկու հարևան երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանը նպաստող քայլ: Այդ նախաձեռնության հեռանկարները փորձագետը պայմանավորում է ԱՏԳ հնարավորությունների լիարժեք և արդյունավետ օգտագործման ուղղությամբ Երևանի և Թեհրանի ջանքերի ինտենսիվության աստիճանով: