Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017 11:59
Նաիրա Բադալյան

Կարայանն ու Սամին քննարկել են Հայաստանի և ԱՄՀ համագործակցության առաջնահերթ ուղղությունները

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության պատվիրակությանը։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գերատեսչության մամուլի ծառայությունից, Հոսսեին Սամիի գլխավորած պատվիրակության հետ նախարար Կարայանը քննարկել է ԱՄՀ նոր ծրագրի մշակումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Կառավարության 5-ամյա ծրագրին, գործադիրի տնտեսական առաջնահերթություններին և դրանցից բխող ընթացիկ և առաջիկա գործողություններին: Քննարկվել են նաև ԱՄՀ հետ համագործակցության հետագա առաջնահերթ ուղղությունները:

 

Հիշեցնենք, որ  Արժույթի միջազգային հիմնադրամը 2014 թվականից Հայաստանում ծրագրային աջակցություն է իրականացրել «Երկարաձգվող ֆինանսավորման»  ծրագրի (EFF) շրջանակում: «Ծրագրի նպատակը աջակցությունն է երկրի տնտեսությանը վճարային հաշվեկշռի ապահովման, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության միջոցով՚, - ավելի  վաղ հայտարարել էր Հոսսեին Սամին: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման»  ծրագրի (EFF) շրջանակում Հայաստանի կատարողական արդյունքների չորրորդ ամփոփիչ ստուգումը, ինչի արդյուքնում հիմնադրամը հաստատել էր հանրապետությանը 15.65 միլիոն SDR կամ շուրջ 21.24 մլն  դոլարի ֆինանսավորման տրամադրումը: Ինչպես նշվում էր ԱՄՀ հաղորդագրությունում, հատկացումների ընդհանուր գումարը  հասցվել է  66.52 մլն SDRի կամ շուրջ  90.28 մլն դոլարի:  Աղբյուրի համաձայն, 82.21 մլն SDR կամ շուրջ 111.57 մլն դոլար արժեքով ծրագիրը հաստատվել է 2014 թվականի մարտի 7-ին: