Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017 17:04
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և Կոնվերս Բանկն  ստորագրել են համագործակցության հուշագիր

Արմինֆո. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը (ՀԱԱԳ) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր: Դրա շրջանակներում ՀԱԱԳ և Կոնվերս Բանկը կիրականացնեն  ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և իրացման շուկաների ընդլայնմանն աջակցելուն ուղղված  ծրագիր:

Հայաստանում տնտեսության զարգացումը, միջազգային շուկաներում մրցունակ արտադրության զարգացումը, արտահանմանն աջակցությունը Կոնվերս Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից են: Հուշագրի ստորագրմամբ, Կոնվերս Բանկը ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպություններին կտրամադրի պարզեցված ընթացակարգով և մատչելի տոկոսադրույքներով շրջանառու կապիտալի համալրմանն ուղղված ֆինանսական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել  ինչպես ապրանքների արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում: Ֆինանսավորման համար  տնտեսվարողներից գրավ չի պահանջվի, քանի որ որպես ապահովվածության միջոց  կընդունվեն ՀԱԱԳ-ի թողարկած ապահովագրական վկայագրերը»,-ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Վստահ եմ, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում էլ ավելի կմեծանա ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը»,- իր հեևթին ասել է ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը:

Նշենք, որ Կոնվերս Բանկ մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն: 30. 09. 2017թ դրությամբ, Բանկի ակտիվները   233,5  մլրդ  դրամ են, պարտավորությունները՝ 198,6 մլրդ  դրամ և ընդհանուր կապիտալը 34,9 մլրդ  դրամ է:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոքր և միջին ձեռնարկությունների կողմից արտահանումը խթանելու և վերջիններիս համար մատչելի   ֆինանսավորման ռեսուրսներ հասանելի դարձնելու նպատակով: .