Շաբաթ, 23 Դեկտեմբերի 2017 11:47

Մարտի 1-ից հայ վարորդները պետք է վճարեն Վրաստանի տարածք մտնելու համար

Մարտի 1-ից հայ վարորդները պետք է վճարեն Վրաստանի տարածք մտնելու համար

Արմինֆո. Մարտի 1-ից արտասահմանյան համարներով մեքենաների վարորդները Վրաստան մտնելուց ստիպված կլինեն ապահովագրել ավտոտրանսպորտային միջոցը՝ այն դեպքում, եթե նրանք մտադիր են հանրապետության տարածքում առնվազն 15 օր մնալ:

Վրաստանի խորհրդարանն արդեն հավանություն է տվել «Օտար պետությունում գրանցված՝ Վրաստանում տեղաշարժվող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծին, որը պետք է ստորագրի նաև երկրի նախագահը:  

Ապահովագրությունը կարելի է ձեռք բերել սահմանային անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեք կախված կլինի ավտոտրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրական շրջանի ժամկետից: Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15, 30 կամ 90 օրով, ինչպես նաև մեկ տարով:

Ենթադրվում է, որ ապահովագրությունը կծածկի ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ տուժածներին հասցված ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ նյութական վնասը:

Ապահովագրությունը չի ծածկի ապահովագրված անձի կանխամտածված գործողությունները, վտանգավոր նյութերի փոխադրման վնասները, ահաբեկչական հարձակումների, ռազմական գործողությունների և ռազմական մանյովրների վնասները, ինչպես նաև մրցույթների, զորավարժությունների կամ փորձարկումների ժամանակ առաջացած վնասը:

Վրացական սահմանին մինչև 3,5 տոննա կշռով մարդատար մեքենաները, անկախ շարժիչի ծավալից, Վրաստանում 15 օրվա համար պետք է 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի վճարեն, իսկ տարեկան ապահովագրությունը կազմում է 295 լարի: