Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի այն դրական ձեռքբերումները, որ Հայաստանն անցած տարի ունեցել է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում, ամբողջովին տեղափոխվեն 2018 թվական և ամրապնդվեն ու ավելի շատանան:
«Կարծում եմ՝ ձեզ ավելի, քան որևէ մեկին, հայտնի են մեր տնտեսության այս տարվա ցուցանիշները և ուզում եմ շեշտել, որ այդ ցուցանիշների ձեռքբերման մեջ մեծ է ձեր դերակատարությունը՝ ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ առևտրային բանկերի:
Շատ կարևոր է, որ դուք, իրոք, մեծ ինքնուրույնություն եք ցուցաբերում: Ձեր օրինակը ուրիշների համար պետք է վարակիչ լինի»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը՝ անընդունելի համարելով բոլոր այն խոսակցություններն ու մոտեցումները, թե պետք է փորձել արհեստականորեն ֆինանսական համակարգի միջոցով ազդել տնտեսության վրա:
«Հասկանալի է, որ ֆինանսական համակարգը շատ բաներով կանխորոշում է երկրի առաջընթացը, տնտեսական աճը, բայց երբ դրա հիմքում ընկած են օբյեկտիվ իրականություններ, այլ ոչ թե արհեստականորեն մտացածին բաներ»,-նշել է նախագահը:
Ընդունելության ժամանակ հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բանկային համակարգի աշխատակիցներին անցնող տարում համակարգի զարգացման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հետագա հաջողություններ:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև 2018 թվականին Կենտրոնական բանկի առջև դրվող հիմնական խնդիրներին և անելիքներին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |