Երեքշաբթի, 9 Հունվարի 2018 17:23
Ալինա Հովհաննիսյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ DEG –ի հետ ստորագրել է 10 մլն.դոլարի երկրորդ վարկային պայմանագիրը, ուղղված ՓՄՁ ֆինանսավորմանը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ DEG –ի հետ ստորագրել է 10 մլն.դոլարի երկրորդ վարկային պայմանագիրը, ուղղված ՓՄՁ ֆինանսավորմանը

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 000 000 ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման  պայմանագիր է կնքել DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH  գերմանական ներդրումային կազմակերպության հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սա համագործակցության երկրորդ պայմանագիրն է:  Վարկը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը և   տրամադրել երկարաժամկետ ռեսուրսներ:  Վարկային միջոցներից 1 մլն դոլար կուղղվի  Հայաստանում գործող գերմանական ընկերություններին:

 

Նշենք, որ DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH  գերմանական ներդրումային կազմակերպությունը հանդիսանում է KfW բանկային խմբի անդամ և  ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաև անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:

 

Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և DEG- ի միջեւ առաջին վարկային պայմանագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին: Այդ համաձայնագրի շրջանակներում, որն ուղղված է ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանը, տրամադրվել է 10 մլն դոլարի վարկ, 7 տարի մարման ժամկետով:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՓՄՁ վարկավորման ծավալներով գտնվում է առաջատարների վեցյակում, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունենալով 48.1 մլրդ դրամի պորտֆելը, տարեկան 53.6% աճով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ՓՄՁ վարկերի տեսակարար կշիռը գերազանցել է 40% -ը, իսկ բանկային շուկայում ՓՄՁ  ոլորտին ուղղված վարկերի ընդհանուր ծավալում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մասնաբաժինը կազմել է 8%: