Արմինֆո. Հայաստանում այսօրվա գնաճը ոչ այլ ինչ է, քան լակմուսի թուղթ, որը ցույց է տալիս Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունն արդյունավետ չէ և արմատական փոփոխությունների կարիք ունի: Այս մասին հունվարի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագետ, Հայաստանի ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Փորձագետի կարծիքով, տնտեսական զարգացման ազատական-շուկայական մոդելն իրեն չարդարացրեց, հետևաբար, Սաֆարյանը նպատակահարմար է համարում անցումը պլանային-շուկայական մոդելին, որը հաջողությամբ իրականացվում է Չինաստանում: «Չինաստանն այժմ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը ՀՆԱ-ի ծավալով`մոտ 11 տրիլիոն դոլար, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը վերջին հինգ տարիներին աճել է 2.6 անգամ: Մենք պետք է հետևենք նման հաջողված օրինակներին», - ասել է նա:
Վերադառնալով Հայաստանում գների շոշափելի աճի հարցին, Սաֆարյանը նշել է ներքին արտադրողի խթանման նպատակահարմարությունը: «Առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել կախվածությունը ներմուծվող ապրանքներից, մասնավորապես, կարագից և մսից, ինչն էական մաս է կազմում ներմուծման մեջ», - ասել է նա, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին: Այսօր, ըստ նրա, Հայաստանում կա շուրջ 160 հազար ֆերմերային տնտեսություն, որոնք միջին հաշվով ունեն 3 ական գլխաքանակ անասուն: «Արտադրողները, ղեկավարվելով բարձր պահանջարկով, մասնավորապես, Իրանից, ավելացնում են մսի արտահանումը: Հաշվի առնելով գնաճի միտումները, սպառողական ընդհանուր զամբյուղում մենք պետք է ապահովենք մինչև 50% ներքին արտադրության կաթնամթերք», - ասել է նա: Ըստ Սաֆարյանի, այս պարագայում նպատակահարմար է դադարեցնել արտահանումը: Մասնավորապես, փորձագետը նշել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, պետական-մասնավոր գործընկերության համատեքստում, որոնց հետագայում պետությունը պարտավոր է աջակցել արտադրության զարգացման, իսկ հետագայում նաև սպառման հարցերում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 2017 թվականին գնաճը կազմել է 2.6%: Դա հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների (ներառյալ ալկոհոլի և ծխախոտի) գների 5.3% և ոչ պարենային ապրանքների`1.7% աճով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.5%: 2017 թվականի հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,2%, նախորդ տարվա 0.1% անկման փոխարեն: 2018 թ. հունվարին հարկային նոր օրենսգրքի ընդունման հետևանքով ակցիզային հարկի ավելացման շնորհիվ երկրում զգալիորեն բարձրացան հեղուկ գազի, շարժիչային վառելիքի և առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գները: