Արմինֆո. Բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի գների աճը պայմանավորված է արտաքին պարտքի 21 մլրդ.դրամ աճով: Այս մասին հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագետ, Հայրենական ապրանքարտադրոսների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով, այս տարի պետությունը պետք է արտաքին պարտքի սպասարկմանը հատկացնի 140 մլրդ դրամ, նախորդ տարվա 119 միլիարդի փոխարեն:
Պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին, փորձագետը նշել է, որ արդյունաբերության զարգացումը պետք է դառնա գնաճի դեմ պայքարի և սոցիալական խնդիրների լուծման առանցքային ուղղություններից մեկը: Ըստ նրա, այսօր երկրի արդյունաբերական հատվածը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 18%, մինչդեռ, ներկայիս պայմաններում արդյունաբերությունը պետք է հասնի մինչև 50%-ի:
«Ինչպե՞ս» հարցին Սաֆարյանը նշեել է, որ անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերության այն ոլորտները, որոնք արդյունավետ աշխատել են դեռ խորհրդային տարիներին: Մասնավորապես, նա նշել է Արագած-Պեռլիտ գործարանը: Պեռլիտի մշակման արդյունքում, ըստ Սաֆարյանի, կարելի է ստանալ այնպիսի արտադրանք, որն օգտագործվում է մետալուրգիայի, շինարարության, քիմիական, սննդի, դեղագործության, գյուղատնտեսության, ջերմային և ձայնային մեկուսացման, ֆիլտրացիայի և այլ ոլորտներում: Պեռլիտի արտադրությունը, նրա գնահատականներով, դեպի ռուսաստանյան շուկա տարեկան կապահովի 300-400 մլն դոլարի ապրանքներ: Արդյունավետ ուղղությունների շարքում փորձագետը նշել է նաև մեքենաշինություն`սև մետալուրգիայի հիմքի վրա, որի հանքավայրերը, ըստ Սաֆարյանի, Հայաստանում կան: Միևնույն ժամանակ նա ընդգծել է գունավոր մետալուրգիայի ոլորտում կոոպերատիվ հարաբերությունների ստեղծման կարևորությունը: Խոսելով քիմիական արդյունաբերության մասին, Միության ղեկավարը շեշտել է, որ այդ ոլորտը ժամանակին ապահովում էր ազգային եկամտի 7-9%-ը:
«Հայաստանի բանկային համակարգում այսօր ավանդների ծավալը հասնում է 1.7 տրիլիոն դրամի, որից 1.1 տրիլիոնը կազմում են միայն ֆիզիկական անձանց միջոցները: Սա այն դեպքում, որ Հայաստանում կան խոշոր ընկերություններ, որոնք միջոցների բացակայության պատճառով չեն գործում, մասնավորապես «Նաիրիտ», «Վանաձորի քիմիական կոմբինատ», «Արագած-Պեռլիտ» գործարանները: Ըստ Սաֆարյանի, այստեղ առանցքային դեր պետք է խաղա պետությունը, մասնավորապես, պետք է օգտագործել մարդկանց ազատ միջոցները, պարտատոմսերի թողարկման համար, վերագործարկելով նշված ձեռնարկությունները: Պետությունը, ըստ Սաֆարյանի, պետք է իր վրա վերցնի որոշակի ռիսկեր, որպեսզի այդ նախագծերում ընդգրկվեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Սակայն, նա կարծում է, որ կառավարությունը չի ցանկանում տեսնել այդ հնարավորությունները. «Իշխանությունները հեշտ ճանապարհ են փնտրում: Գուցե հաջողվի, ուրեմն ինչու ստեղծել ավելորդ գլխացավանք»:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2017-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,3%, մինչև 1.491 տրլն. դրամ ($ 3.1 մլրդ):