Երկուշաբթի, 22 Հունվարի 2018 17:35
Նաիրա Բադալյան

Կառավարություն. ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվել

Կառավարություն. ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվել

Արմինֆո. ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ որում, կառավարությունում նշել են, որ օդանավի վարձակալության համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվել: Թե ինչ միջոցներով է վարձակալվել մասնավոր օդանավը, կառավարությունում ձեռնպահ են մնացել այդ առնչությամբ տեղեկատվություն հաղորդելուց:

Մինչդեռ, այն բանից հետո, երբ վարչապետի Facebook-ի էջում հայտնվեց նրա լուսանկարն օդանավից, սոցիալական ցանցերի օգտատերերը հարց տվեցին, թե ինչ միջոցներով է կառավարության ղեկավարը վարձակալել օդանավ, եթե հաշվի առնենք, որ մշտապես ինքն է պետական ապարատին միջոցների խստագույն տնտեսման կոչ անում: 

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի էջում օդանավից նկար էր հրապարակել՝ «Դավոսի ճանապարհին» (On our way to #Davos) գրությամբ: Կարեն Կարապետյանի հետ միևնույն օդանավում են գտնվում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավագյանը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը:

ՀՀ կառավարության պատվիրակությունը մեկնում է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով:

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL): Վերջին անգամ Հայաստանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցել է 2009 թվականին: